Ինչպես արդեն նշել ենք, Դինի և Ռոբերտի հետ մամլո ասուլիսին են մասնակցել նաև Խորդի Մեստրեն և Ալբերտ Սոլերը:
Բարսելոնայի ինստիտուցիոնալ մարզական տնօրեն Սոլերը անդրադարձել է գործարքի ֆինանսական կողմին. "Դինի տրանսֆերն արժեցել է 16,5 մլն եվրո և ևս 4 մլն եվրո բոնուսների տեսքով՝ կախված թիմի հաջողություններից ու ֆուտբոլիստի մրցելույթներից: Եթե թիմն ու խաղացողը հասնեն իրենց նպատակներին, ապա տրանսֆերի արժեքը կարող է հասնել առավելագույնը 20,5 մլն եվրոյի":
"Նա 5 - ամյա պայմանագիր է ստորագրել և նրա հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո.... Մենք գտնում ենք, որ այս գործարքը մարզական տեսանկյունից հաջողված է: Այն նաև չի հակասում ակումբի ֆինանսական նպատակներին", - Սոլերի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo - ն:
Ինստիտուցիոնալ մարզական տնօրենն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչքան գումար է մնացել հետագա տրանսֆերների համար. "Միշտ մենք հայտարարել ենք, որ 60 մլն եվրո ենք տրամադրելու տրանսֆերներին, որոնց գումարվելու են խաղացողների վաճառքից ստացված գումարները: Դեռ 24 մլն եվրո մնում է, կա անհրաժեշտություն և մենք աշխատում ենք նոր խաղացողի ձեռքբերման ուղղությամբ":
Այդուհանդերձ Սոլերը նշել է, որ հարկ եղած դեպքում այդ գումարը կարող է աճել. "Տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31 - ին, եթե շուկայում հետաքրքիր տարբերակներ հայտնվեն, ակումբը պատրաստ է լրացուցիչ գումարներ հատկացնել նոր ձեռքբերումների համար":
Վերջում նա խոսել է վերջին տարիների Լա Մասիայի ոչ այնքան արդյունավետ աշխատանքի մասին. "Լա Մասիան խնդիր ունի խաղացողներ պատրաստել առաջին թիմի համար, բայց առաջին թիմն էլ ունի խաղամակարդակ, որին պետք է համապատասխանել, ինչը շատ դժվար է: Մենք մի քանի ձեռքբերումներ ենք կատարել Բարսա Բ - ի համար, որպեսզի օգնենք թիմին բարձրանալ 2 - րդ դիվիզիոն, քանի որ դա է նրանց իսկական տեղը: Հիանալի կլիներ մեկական թիմ ունենալ 2 - րդ, 3 - րդ և 4 - րդ դիվիզիոններում, քանի որ դա թույլ կտար, որ խաղացողներն աստճանաբար աճեն":
Այս խնդրին անդրադարձել է նաև ակումբի մարզական փոխնախագահ Խորդի Մեստրեն. "Մենք հպարտ ենք մեր մարզադպրոցի կատարած աշխատանքով: Լա Մասիայի համակարգին կարելի է նախանձել: Եթե խաղացողները չեն հասնում առաջին թիմ, դա չի նշանակում, թե մենք դադարել ենք հոգ տանել մեր մարզադպրոցի մասին կամ դադարել ենք ներդրումներ կատարել: Մեր պարտականությունն է այնպես անել, որ առաջին թիմն ունենա չեմպիոնական կազմ: Իհարկե, բոլորին, ինչպես և ինձ, դուր կգար այն համակարգը, որը կա Ատլետիկ Բիլբաոյում՝ բոլոր խաղացողներն ակումբի սաներն են: Շատ կցանկանայինք, որ այդպես լիներ: Մենք ունեցել ենք բացառիկ խաղացողների սերունդ, բայց միշտ այդպես չի կարող լինել: Եթե մեզ համար արդյունքը կարևոր չլիներ, մենք կօգտագործեինք Ատլետիկի համակարգը":