Մարկ Բարտրան բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ Բարսելոնայից, հաղորդում է իսպանական Sport - ը:
Radio MARCA - ին տված իր հարցազրույցում Բարտրան հայտնել է, թե երբ է հասկացել, որ պետք է լքի Բարսան. "Ես վերադառնում էի հավաքականից, որին միանալիս շատ գոհ էի, բայց Էլ Կլասիկոյում դուրս մնացի հայտացուցակից: Այդ պահին ես հասկացա, որ գուցե չարժեր այդքան համառորեն մնալ Բարսայում":
Մարկը խոստովանել է, որ իրեն գնահատված չի զգացել կատալոնական ակումբում. "Չեմ ցանկանում շատ մանրամասնել: Տեխնիկական անձնակազմն ու նախագահը ցույց էին տալիս, որ ցանկանում են, որպեսզի ես մնամ Բարսայում: Բայց իրականությունն այլ էր և ես ինձ գնահատված չէի զգում: Մրցաշրջանի ընթացքում լինում էին պահեր, երբ ես ընդհանրապես հուսալքվում էի":
Պարզվում է՝ Բարտրան այդքան էլ գոհ չի եղել Էնրիկեից: Մասնավորապես նա ասել է. "Երբ ես նշեցի իմ նորամուտը Պեպի գլխավորությամբ, զգում էի, որ նա ինձ վստահում է: Տիտոն որոշեց, որ ես պետք է մնամ առաջին թիմում: Տատայի գլխավորությամբ գրեթե 30 խաղ խաղացի, ինչի շնորհիվ սկսեցի հրավիրվել հավաքական: Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև որ եկավ Լուիս Էնրիկեն: Ես լավ սկսեցի նրա հետ, բայց հետո դադարեցի խաղալ: Դրանք ծանր 1,5 տարիներ էին ինձ համար":
Ինչ վերաբերում է իր հնարավոր վերադարձին Բարսելոնա, կատալան պաշտպանն ասել է. "Ես մտածում եմ միայն Դորտմունդի և այդ թիմում իմ նորամուտը նշելու մասին: Ես 4 տարվա պայմանագիր ունեմ: Լավ ապագա ունենալու համար ավելի լավ է մտածել ներկայի մասին: Ես իմ ողջ ուժերը կներդնեմ":
Վերջում Բարտրան նշել է, որ շատ բան չի կարող ասել Ումտիտիի մասին, սակայն զգուշացրել է Սամուելին, որ "Բարսայում կենտրոնական պաշտպան լինելը հեշտ չէ: Հարկավոր է լինել ֆիզիկապես ամուր, արագ և կարողանալ ճիշտ կազմակերպել թիմի գրոհները պաշտպանությունից":