Դենիս Սուարեզի հետ մամլո ասուլիսի էին ներկայացել նաև Ալբերտ Սոլերն ու Ռոբերտո Ֆերնանդեսը:
Դենիս Սուարեզին լրագրողներին ներկայացրեցին Բարսելոնայի մարզական ինստիտուցիոնալ տնօրեն Ալբերտ Սոլերն ու մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը: Նրանք նույնպես պատասխանեցին մի շարք հարցերի:
Ալբերտ Սոլեր
"Բացի Դենիսին վերադարձնելու համար Վիլյառեալին վճարած գումարից, մենք նաև 800 հազար եվրո ենք վճարելու Մանչեսթեր Սիթիին, քանի որ, երբ մենք Բարսա Բ - ի համար գնում էինք Սուարեզին, պայմանագրում կետ ներառվեց, համաձայն որի մենք պարտավորվում ենք այդքան գումար վճարել Սիթիին, եթե ֆուտբոլիստը համալրի առաջին թիմը":
"Գործարքն ընդհանուր առմամբ, եթե հաշվենք նաև Սիթիին վճարած 1 մլն եվրոն, երբ գնում էինք նրան Բարսա Բ - ի համար, կազմում է 5 մլն եվրո, որից 3 մլն 250 հազարը վճարել ենք Վիլյառեալին, 800 հազարը՝ կրկին Սիթիին":
"Բացի այդ, կան բոնուսներ: Սուարեզի Բարսայում անցկացրած ամեն 10 - րդ խաղի համար Մանչեսթեր Սիթին կստանա 800 հազար եվրո: Առավելագույնը՝ 8 մլն եվրո: Կարծում ենք, որ այն ֆուտբոլիստը, ով առաջին թիմում 100 խաղ կանցկացնի, արժանի է 13 մլն եվրո տրանսֆերային արժեքին":
Ռոբերտ Ֆերնանդես
"Սուարեզը Սևիլյայում և Վիլյառեալում ցույց տվեց, թե ինչի է ընդունակ: Մենք վստահ ենք, որ նա մեզ կօգնի հավասարակշռել խաղը դաշտի կենտրոնում":
"Մենք շատ բարձր ենք գնահատում այն փաստը, որ նա շատ կարևոր դեր է խաղացել Վիլյառեալում":
"Նա կարող է խաղալ ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Մենք մեծ ակնկալիքներ ունենք նրանից: Նա շատ ոգևորված է այս հնարավորությամբ, նա շատ լավ որակներ ունի":
"Նա գիտի ակումբը և Բարսա Բ - ում նրա անցկացրած ժամանակահատվածը կօգնի նրան արագ հարմարվել թիմի խաղային համակարգին և մարզման մեթոդներին: Լուիս Էնրիկեն դա շատ լավ գիտի":