Պայմանագրի ստորագրումից հետո Բարսելոնայի ֆուտբոլիստի կարգավիճակում իր առաջին մամլո ասուլիսին է ներկայացել Դենիս Սուարեզը:
Մամլո ասուլիսը Սուարեզը սկսել է շնորհակալական խոսքով. "Շնորհակալ եմ ակումբին և հատկապես Ռոբերտին: Ինչպես նա, այնպես էլ ողջ տեխնիկական անձնակազմը վստահել են ինձ: Դեռ հունվարին նրանք ցանկանում էին, որ ես վերադառնայի: Կարծում եմ, որ ես արժանի եմ այս հնարավորությանը: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին և իմ ընկերուհուն: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հաջողության հասնեմ Բարսայում: Այս մարտահրավերն ինձ միշտ գրավել է":
Ստորև ներկայացնում ենք մամլո ասուլիսի ընթացքում հնչած առավել ուշագրավ հարցերն ու պատասխանները:
- Բարսայից դուրս անցկացրածդ այս 2 տարիների ընթացքում ինչու՞մ ես աճ արձանագրել:
- Սևիլյայում և Վիլյառեալում ես շատ եմ առաջադիմել, Սևիլյայում՝ ֆիզիկապես և տակտիկապես, իսկ Վիլյառեալում ես ավելի շատ եմ վայելել ֆուտբոլը, քանի որ այդ թիմի խաղաոճը շատ նման է Բարսայի խաղաոճին: Իմ խաղաոճի տեր մարդկանց համար Բարսան լավագույն տեղն է:
- Ի՞նչ նպատակներ ունես առաջին տարում:
- Մտադիր եմ ներդնել բոլոր ուժերս, որպեսզի տիտղոսներ նվաճեմ և հնարավորինս շատ խաղաժամանակ ստանամ: Այստեղ լավագույներն են և դա բարդացնում է գործը, բայց ես ամեն ինչ կանեմ իմ նպատակին հասնելու համար: Աշխարհի լավագույնների կողքին խաղալը ստիպում է առաջադիմել: Ցանկանում եմ շատ խաղաժամանակ ստանալ և որակյալ ֆուտբոլ ցուցադրել:
- Խոսե՞լ ես Լուիս Էնրիկեի հետ:
- Ես նրա հետ խոսելու հնարավորություն չեմ ունեցել, բայց շատ եմ խոսել Ռոբերտի հետ: Նա փոխանցել է ինձ հետ կապված Լուիս Էնրիկեի մտադրությունները: Ես ավելի շատ խաղալու եմ դաշտի կենտրոնում: Իմ բնական դիրքը կիսապաշտպանության 2 եզրերից մեկն է, սակայն ես կարող եմ խաղալ նաև հարձակման գծում: Ես կարող եմ խաղալ և՛ կիսապաշտպանության, և՛ հարձակման եզրերում, սակայն կրկնում եմ՝ կիսապաշտպանությունը, լինի աջից թե ձախից, իմ բնական դիրքն է:
- Վերադառնալու հետ կապված կասկածներ ունեի՞ր:
- Այն օրվանից, ինչ ես հեռացել եմ ակումբից, միշտ զգացել եմ ակումբի և տեխնիկական անձնակազմի ուշադրությունը: Բարսայի ներկայացուցիչները միշտ հետևում էին իմ խաղին: Իսկ ես միայն ցանկանում էի խաղալ այստեղ և ապացուցել, որ արժանի եմ վերադառնալ:
- Խոսե՞լ ես Բարսայի խաղացողներից որևէ մեկի հետ:
- Ալեքսիսն է ինձ հաղորդագրություն ուղարկել: Ամռանը ես նրա հետ Սևիլյայում էի: Խոսել եմ նաև Ալբայի ու Պիկեի հետ, երբ հավաքականի կազմում էի Եվրոպայի առաջնությունից առաջ: Նույնիսկ Բարտրայի հետ եմ խոսել, ով արդեն այս ակումբում չէ: Թիմը լավն է, ֆուտբոլիստները շատ ընկերասեր են և դա օգնում է նորեկներին:
- Ինչպե՞ս ընդունեցիր այն փաստը, որ ձմռանը չկարողացար վերադառնալ:
- Սևիլյայում անցկացրածս մրցաշրջանից հետո ես արդեն շատ էի ցանկանում վերադառնալ Բարսա, բայց չստացվեց: Ձմռանն ամեն ինչ ավելի բարդ էր, քանի որ ես մասնակցում էի Վիլյառեալի բոլոր խաղերին:
- Պետք է զինվեք համբերությամբ:
- Բարսան խաղում է 3 տարբեր մրցաշարերում, գրեթե 60 խաղ է անցկացնում: Խաղաժամանակ կստանան բոլորը: Ես մտադիր եմ վաստակել խաղալու իրավունքը: Ես հիանալի մրցաշրջան անցկացրեցի Վիլյառեալի հետ և վերադարձել եմ լուրջ նպատակներով:
- Քեզ համար օրինակ է ծառայում Ինիեստա՞ն:
- Նա օրինակ է ծառայում բոլորի համար: Դեռ փոքր հասակից ես կենտրոնացել էի նրա գործողությունների վրա խաղադաշտում և դրանից դուրս: Իր առաջին տարիներին նա հիմնական կազմի խաղացող չէր, բայց ի վերջո վաստակեց այդ տեղն իր վարքի շնորհիվ: Նա իմ կուռքերից մեկն է և ամեն օր ես նոր բան կսովորեմ՝ մարզվելով նրա կողքին:
- Այլ առաջարկներ ունեցե՞լ ես:
- Ես առաջարկներ ունեցել եմ այլ առաջնությունների ակումբներից, բայց միշտ ասել եմ Ռոբերտին և Բարսային, որ ցանկանում եմ վերադառնալ այստեղ:
- Դու ապագայում Ինիեստային փոխարինո՞ղն ես:
- Շատ կցանկանայի.... ողջ աշխարհը կցանկանար լինել Անդրեսին փոխարինողը: Ես խաղում եմ նույն դիրքում, շատ կցանկանայի ապագայում մոտենալ նրա մակարդակին: Այն ամենին, ինչին հասել է Ինիեստան, չի հասել գրեթե ոչ ոք:
- Ո՞ր համարի մարզաշապիկով ես ցանկանում խաղալ:
- Դա էական չէ, ցանկացած համար, որն ինձ կտան, ինձ համար լավը կլինի, բայց քանի որ հեռացել է Դանի Ալվեսը, կցանկանայի վերցնել 6 համարը, քանի որ այն կրել է Չավին, ով օրինակ է եղել ինձ համար:
- Խորհուրդ կտայի՞ր Լա Մասիայի սաներին հեռանալ ակումբից, ինչպես դու:
- Այո, խորհուրդ կտայի: Այստեղ կարծես Ուոլտ Դիսնեյում լինես: Իսկ հեռանալը լավ է անդրադառնում քեզ վրա, հասունանում ես որպես ֆուտբոլիստ և որպես մարդ: Այլ ակումբներում երբեք չես հանդիպի Բարսայի կառուցվածքին:
- Ի՞նչ կարող ես տալ Լուիս Էնրիկեին Էմերիի և Մարսելինյոյի պես մարզիչների հետ աշխատելուց հետո:
- Այդ մարզիչներից ես շատ բան եմ սովորել: Կարող եմ ունիվերսալություն տալ Բարսային: Դա լավ է մարզչի և ինձ համար, քանի որ խաղալու հնարավորություններն ավելի են շատանում: