Բարսելոնայի ղեկավարությունը որոշում է կայացրել սառեցնել ընթացիկ բոլոր բանակցությունները և սպասել Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, Բարսելոնայում համոզված են, որ ո՛չ ՊՍԺ - ն, ո՛չ որևէ այլ ակումբ չի կարող վճարել Նեյմարի համար պայմանագրում սահմանված 222 մլն եվրոն: Սակայն, քանի դեռ հարցը վերջնական լուծում չի ստացել, ակումբը կանգնեցրել է իր բոլոր գործարքները:
Պատճառը պարզ է: Կախված իրավիճակի հանգուցալուծումից, Բարսելոնան կարող է 2 լիովին տարբեր քաղաքականություն որդեգրել տրանսֆերային շուկայում: Նեյմարի տրանսֆերից ակումբը կստանա ահռելի գումարներ, բայց ստիպված կլինի արժանի փոխարինող գտնել բրազիլիացուն, ինչն այդքան էլ հեշտ գործ չէ:
Հակառակ դեպքում, Բարսելոնան նախատեսում է իրականացնել 1 - 2 տրանսֆեր: Մասնավորապես ձեռք բերել 1 կիսապաշտպան և, հնարավոր է, 1 կենտրոնական պաշտպան, ով կարող է լինել Բիլբաոյի Ատլետիկի և ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էմերիկ Լապորտը: