Նախկին ֆուտբոլիստ և այժմյան ֆուտբոլային մեկնաբան Քրիստոֆ Դուգարին, ով հայտնի է իր ոչ ադեկվատ հայտարարություններով, այս անգամ անդրադարձել է Բարսելոնային և Վերատիին:
Ֆրանսիական RMC - ին տված իր հարցազրույցում Դուգարին, ով իր ձախողած կարիերայի վերջին տարին անցկացրել է Քաթարում, ասել է. "Այն, ինչ անում է Բարսելոնան Վերատիի հետ, գեղեցիկ չէ, նրանք առաջարկ են կատարում ՊՍԺ - ին և միաժամանակ Վերատին ճնշում է գործադրում ակումբի վրա":
"Կարծում եմ, որ լավ կլիներ, եթե ակումբները պահպանեին լավ հարաբերությունները: Եթե Բարսելոնան ընդհարվի Քաթարի հետ և Քաթարը համաձայնվի մտնել խաղի մեջ, ապա դա լավ չի ավարտվի: Նրանք ի զորու են 500 մլն եվրո ծախսել և գնել Լիոնել Մեսսիի տրանսֆերը: Եթե նրանք ցանկանան, կարող են գնել Բարսայի բոլոր խաղացողներին", - հայտարարել է Դուգարին:
"Պետք է որոշակի հարգանք ցուցաբերել ակումբի հանդեպ, որը հույսեր է կապում խաղացողի հետ: Վերատին կարող է կորցնել ամեն ինչ, ավելի շատ, քան ՊՍԺ - ն", - եզրափակել է ֆրանսիացին:
Իսկ այժմ անդրադառնանք հենց Դուգարիին ու այսպես արտահայտվելու նրա հնարավոր դրդապատճառներին: Փորձենք հասկանալ, թե որքանով է նա իրավացի:
Նախ նշենք, որ Դուգարին, ժամանակին համարվելով խոստումնալից և տաղանդավոր ֆուտբոլիստ, ձախողեց իր կարիերան բարդ ու սկանդալային բնավորության պատճառով: Նա հասցրեց խաղալ 2 գրանդ ակումբում՝ Միլանում և Բարսելոնայում: 2 - ում էլ նրան առավելագույնը հանդուրժեցին 1 մրցաշրջան: Հետո ֆրանսիացի "բարոյականության առաջամարտիկը" հայտնվեց դոպինգային սկանդալում.... նրա կարիերայի մնացած հատվածը նշանավորվեց նրանով, որ, ինչպես ժամանակին Էվրան էր նշել, "Դուգարին հրավիրվում էր հավաքական միայն այն պատճառով, որ Զիդանի ընկերն էր":
Կարիերայի վերջին՝ 2004/05 մրցաշրջանը Քրիստոֆ Դուգարին անցկացրեց Քաթարում, որտեղ, ինչպես երևում է ձեռք բերեց բազմաթիվ "լավ ընկերներ": Կամ գուցե այդ "լավ ընկերները" ձեռք բերեցին նրան որոշակի գումարի դիմաց: Փաստն այն է, որ նման "օրինակելի" անցյալով այդ ինչ - որ մեկը որոշել է պաշտպանել իր հին "ընկերներին"՝ ամոթանք տալով և սպառնալով Բարսելոնային, որի հետ կապված այդքան էլ լավ հիշողություններ չունի:
Ամեն դեպքում ուշադրություն դարձնենք նրա խոսքերին: Նա խոսում է հարգանքի մասին, մեղադրելով Բարսելոնային և Վերատիին նրանում, որ նրանք չեն հարգում ՊՍԺ - ի ղեկավարությանը: Այստեղ 3 հարց է գալիս մեր մտքին՝
Հարց 1. - Հարգու՞մ էր ՊՍԺ - ն Բարսելոնային, երբ կատալոնացիներից "փախցնում էր" Մարկինյոսին և Տիագո Սիլվային
Պատասխան. - Ո՛չ
Հարց 2. - Հարգու՞մ էր ՊՍԺ - ն Բարսելոնային, երբ Նեյմարին փորձում էր տանել ակումբից
Պատասխան. - Ո՛չ
Հարց 3. - Հարգու՞մ է ՊՍԺ - ն Վերատիին, երբ գործնականում վերաբերվում է նրան ինչպես ստրուկի, պարտադրելով խաղալ հենց Փարիզում, չնայած խաղացողի ցանկությանը:
Պատասխան. - Ո՛չ
Շատերը կասեն, որ "Մարկինյոսին ու Տիագո Սիլվային ոչ ոք չի ստիպել ընտրել ՊՍԺ - ն" կամ "Վերատին այդ մասին պետք է մտածեր պայմանագիր կնքելուց առաջ: Եթե ստորագրել է պայմանագիրը, պարտավոր է կատարել այն": Եվ նրանք իրավացի կլինեն: Խնդիրը միայն այն է, որ դա արդեն 2 - րդ՝ իրավական, այլ ոչ թե մարդկային մոտեցումն է հարցին: Իսկ եթե հարցին մոտենանք այդ տեսանկյունից, ապա Դուգարին ընդհանրապես պետք է լռի, քանի որ ոչ ոք չի արգելում որևէ ակումբի առաջարկ ներկայացնել մեկ այլ ակումբի և ոչ ոք չի արգելում որևէ մեկին իր ցանկություններն ու պահանջները ներկայացնել իր ակումբին, ինչպես և որևէ մեկը չի պարտադրում այդ ակումբին չմերժել ֆուտբոլիստին:
Եվ վերջում անդրադառնանք Մեսսիին և Բարսայի բոլոր խաղացողներին գնելու Դուգարիի բարբաջանքներին: Եթե կատալոնական ակումբում կան խաղացողներ, ովքեր տիտղոսները, պատիվը, փառքը, համբավն ու փողը կստորադասեն շաա՜տ փողից, ապա դժվար թե որևէ մեկը նրանց բռնի ուժով պահի ակումբում: Ի տարբերություն Քաթարի, Եվրոպայում առայժմ ֆուտբոլիստներն ունեն իրենց ապագան ընտրելու իրավունք: