Բարսելոնան գլխավորելու թիվ 1 թեկնածուն այս պահին Մոնակոյի գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմն է, հաղորդում է իսպանական Sport - ը, որպես աղբյուր նշելով պորտուգալական A Bola - ն:
Լեոնարդո Ժարդիմի Մոնակոյի անունը թնդում է ողջ Եվրոպայում և բոլոր գրանդ ակումբները պատրաստվում են ամռանն իսկական տրանսֆերային հարձակում իրականացնել ֆրանսիական ակումբի վրա: Բարսելոնային առաջին հերթին հետաքրքրում է այդ ամենի հեղինակը՝ Ժարդիմը:
A Bola - ի հավաստմամբ, Լուիս Էնրիկեին հնարավոր փոխարինողների ցուցակի առաջին տեղում հենց պորտուգալացի մասնագետն է, ով առաջ է անցել Ատլետիկ Բիլբաոյի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեից ու Էնրիկեի օգնական Խուան Կարլոս Ունսուեից: Էուսեբիոյի, Կումանի և Պոչետինոյի տարբերակները հերքել են հենց իրենք՝ մարզիչները:
Բացի Բարսելոնայից, Լեոնարդո Ժարդիմին իրենց թիմի ղեկին են ցանկանում տեսնել նաև Լոնդոնի Արսենալն ու Միլանի Ինտերը, սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, Ժարդիմը Մոնակոն առաջիկա ամռանը կլքի միայն այն դեպքում, եթե առաջարկ ստանա հենց կատալոնական ակումբից: