Երբ Բարսելոնան պարտվեց Փարիզում 4 - 0 հաշվով, շատերը սկսեցին ծաղրել կատալոնական ակումբին, խոսել նրանց դարաշրջանի ավարտի մասին: Իսկ երբ եղավ ֆուտբոլի պատմության մեջ աննախադեպ comeback - ը, ՊՍԺ - ի ֆուտբոլիստներն ու երկրպագուներն ընդունեցին՝ գուցե մրցավարական որոշ սխալներ եղել են, բայց Բարսելոնան արժանիորեն է անցել հաջորդ փուլ:
Մարկո Վերատտի (ՊՍԺ, Իտալիա). "Կավանիի գոլից հետո Բարսայի ֆուտբոլիստներն ասացին, որ ամեն ինչ վերջացած է: Չեմ կարող ասել, թե ինչպես 7 րոպեում երեք գոլ բաց թողեցինք, բայց սա ֆուտբոլ է: Ես երբեք չեմ մոռանա այս խաղը:
Բարսելոնան արժանիորեն անցավ հաջորդ փուլ: Նրանք առաջին խաղակեսում ակտիվ պրեսինգի էին դիմում, մեզ համար դժվար էր փոխանցումներ կատարելը":
Տիագո Սիլվա (ՊՍԺ, Բրազիլիա). "Առաջին խաղում մենք հրաշալի արդյունքի էինք հասել, բայց այսօր մենք արժանի չէինք 1/4 եզրափակիչ դուրս գալուն:
Չեմ արդարանում, բայց Սուարեսի հետ դրվագում խախտում չկար: Կային դրվագներ, երբ 11 մետրանոց պետք է նշանակվեր Բարսայի դարպասին: Բայց այս ամենի հետ մեկտեղ, մենք չպետք է մեղադրենք մրցավարներին, նրանք կապ չունեն այս ամենի հետ, քանի որ մենք չխաղացինք այնպես, ինչպես պետք է խաղայինք":
Թոմաս Մենյե (ՊՍԺ, Բելգիա). "Այն, թե ինչպես էր Բարսելոնան խփում իր գոլերը.... անհատավալի էր: Ոչ ոք երբեք նման բան չէր արել: Բայց եթե կար մի ակումբ, որն ընդունակ էր դրան, Բարսելոնան էր:
Մենք պետք է հանգիստ պահեինք մեզ ողջ խաղի ընթացքում, բայց մեր գլուխը պտտվում էր կատալոնացիների հաղթելու մոլուցքից: Արժանի խաղ չցուցադրեցինք և չկարողացանք փոխել խաղի ընթացքը":
Ունաի Էմերի (ՊՍԺ - ի գլխավոր մարզիչ). "Վերլուծելով կատարվածը, կարելի է համաձայնել, որ մենք շատ լավ հնարավորություն բաց թողեցինք: Այն, ինչ պատահեց առաջին կեսում, մեր մեղքն է՝ մենք չկարողացանք ճնշել մրցակցին և լավ վարվել գնդակի հետ: Մենք շատ խորն էինք պաշտպանվում և մրցակիցն ավելի շատ գոլային պահեր ունեցավ: Առաջին կեսում բաց թողած 2 գոլերն էլ մեր սխալների արդյունքն էին: 2 - ռդ կեսում ավելի հանգիստ էինք գործում և ավելի լավ դիրքային պայքար մղում: Կարողացանք ավելացնել և կարող էինք հաշիվը դարձնել 3 - 2: Մրցավարական որոշումները մեր դեմ էին: Պարտվեցինք վերջին րոպեներին: Բարսելոնան ի զորու էր անել սա: Վերջնամասը նրանք անցկացրեցին "ամեն ինչ կամ ոչինչ" կարգախոսի ներքո: Ինձ և ակումբի համար սա բացասական փորձ էր: Պետք է դասեր քաղենք":
Փոխարենը, մարդկանց մի հոծ բազմություն, ովքեր երկրպագում էին ոչ թե ՊՍԺ - ին, այլ Բարսելոնայի դեմ, թվում է, թե անքուն գիշեր անցկացնելուց հետո գլուխը կորցրել և մինչև հիմա չեն գտնում: Այլ կերպ դժվար է բացատրել հայհոյանքներով ուղեկցվող այն հիստերիան, որը տիրում է համացանցում, առավելապես՝ համացանցի հայալեզու հատվածում:
Իհարկե, կարելի է հասկանալ երկրպագուների դժգոհությունը մրցավարներից, ոչ միայն այս խաղում, այլև ողջ մրցաշրջանում: Վերջին տարիներին ֆուտբոլում գնալով ավելի մեծ գումարներ են ներդրվում, այն դառնում է ավելի մասսայական, մարդիկ ավելի շատ են խաղադրույքներ կատարում և, քանի որ փողը դարձել է գերագույն արժեք, կրքերն ավելի են թեժանում: Բայց եկեք չխառնենք դժգոհությունը հիստերիայի հետ և, եթե դժգոհում ենք, ապա դժգոհենք ադեկվատ, հաշվի առնելով բոլոր թիմերի մասնակցությամբ բոլոր խաղերը:
Օրինակ, եթե դժգոհում ենք այս խաղի մրցավարությունից, եկեք չմոռանանք նախորդ մրցաշրջանի 1/4 եզրափակչի Ատլետիկո Մադրիդ 2 - 1 Բարսելոնա հանդիպման մրցավարությունը: Եթե ցանկանում եք կատալոնացիներին անվանել ՈՒԵՖԱլոնա և վստահ եք, որ այդ կառույցն աջակցում է Բարսային, պարզապես հայացք գցեք վիճակահանության արդյունքներին: Թե՛ այս, թե՛ նախորդ մրցաշրջանների: Պարզապես տեսեք, թե վերջին 2 տարիներին Չեմպիոնների լիգայի հաղթողներն ինչպիսի ճանապարհ են անցել: Իսկ եթե կարծում եք, որ ամեն ինչի հետևում FIFA - ն է կանգնած, ապա պարզապես հայացք գցեք նույն տրանսֆերային կանոնների խախտման համար այդ կառույցի կիրառած երկակի որոշումներին, որոնք մեղմ ասած ի օգուտ կատալոնական թիմի չեն:
Շարքն անվերջ կարելի է շարունակել: Վստահաբար կարող ենք նշել, որ նույնպիսի շարք կարող է ներկայացնել ցանկացածը հակառակ ճամբարից: Մրցավարական սխալներ եղել են միշտ, կան և կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդն է որոշում կայացնողը:
Որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունենալով, չցանկանալով նույնիսկ պատասխանել ոչ ադեկտվատ մարդկանց վիրավորանքներին, Բարսելոնայի հայ երկրպագուներին կցանկանայինք պարզապես խորհուրդ տալ խնայել նյարդերը, վայելել հաղթանակն ու ջուր չլցնել նրանց ջրաղացին, ովքեր կյանքում չունեն ավելի մեծ նպատակ, քան Բարսելոնային պարտված տեսնելը:
Հ. Գ. Երբեք հիմարների հետ մի վիճեք. դուք իջնում եք նրանց մակարդակին, որտեղ նրանք Ձեզ կճնշեն իրենց փորձառությամբ