Իսպանական Sport - ի հաղորդմամբ, Նեյմարը պայմանագիրը երկարաձգելու համար նոր պահանջ է ներկայացրել Բարսելոնային:
Նեյմարը համաձայն է համեմատաբար ավելի ցածր աշխատավարձ ստանալ և մնալ Բարսելոնայում, բայց դրա համար պանաջում է, որ ակումբը լուծի DIS ընկերության հետ առկա խնդիրները, որպեսզի ինքը կարողանա կենտրոնանալ միայն ֆուտբոլի վրա:
Այդ ընկերությունը, որը տնօրինում էր Նեյմարի տրանսֆերային իրավունքների 40% - ը, դատակայն հայց է ներկայացրել ընդդեմ Բարսելոնայի և ֆուտբոլիստի, մեղադրելով նրանց մեքենայությունների մեջ, որոնց շնորհիվ, ըստ DIS - ի, կատալոնական ակումբը ավելի քիչ գումար է վճարել, քան պետք էր:
Եվ չնայած դատական պրոցեսն ընթանում է Բարսելոնայի օգտին, Նեյմարն անհանգստացած է և չի ցանկանում որևէ գործ ունենալ այդ ամենի հետ: Ըստ նույն աղբյուրի, Բարսելոնայի փաստաբաններն արդեն կապ են հաստատել DIS ընկերության հետ և առաջարկել նրանց 7 մլն եվրո` դատական հայցը հետ վերցնելու դիմաց: Բայց նրանք պահանջում են 17 մլն եվրո:
Մյուս կողմից էլ, իսպանական Mundo Deportivo - ին ակումբին մոտ կանգնած աղբյուրները հաղորդել են, որ նման պահանջ չի ներկայացվել և Բարսելոնայի փաստաբանները ոչ մի առաջարկ չեն կատարել: Բայց նաև նշել են, թե ամենևին էլ բացառված չէ, որ հետագայում ակումբը կփորձի նման կերպ լուծել այդ խնդիրը, եթե դատական պրոցեսը բարդանա: