Լուիս Էնրիկեն հաստատել է մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ Թուրանը թեթև վնասվածք է ստացել, սակայն նա չի բացառել թուրք ֆուտբոլիստի մասնակցությունը վաղվա հանդիպմանը: Ներկայացնում ենք Լուչոյի ասուլիսի առավել հետաքրքիր հատվածները:
"Գրանադայում մարզչական փոփոխությունից հետո շատ քիչ ժամանակ ենք ունեցել հասկանալու համար, թե ինչ կարող են նրանք անել, բայց մեր մրցակիցները հիմնականում նույն խնդիրներն են առաջադրում՝ դժվարանցանելի են հետին գծում: Մենք կփորձենք վերահսկել գնդակը, հնարավորինս շատ պահեր ստեղծել, որպեսզի մրցակիցը հնարավորինս քիչ բարդացնի մեր խնդիրը":
"Մարլո՞նը: Չեմ սիրում խոսել անհատների, առավելևս 2 - րդ թիմի խաղացողների մասին: Ես գոհ եմ բոլոր խաղացողներից, ովքեր Բարսա Բ - ից միանում են առաջին թիմի մարզումներին: Ինձ համար, որպես մարզիչ, դա շատ լավ է":
"Ռաֆան ու Յասպերը վերջին օրերին մարզվում են մեզ հետ: Նույնիսկ Արդան, ով շատ ցավալի հարված ստացավ Էսպանյոլի դեմ խաղում, հնարավոր է, վաղը կարողանա խաղադաշտ դուրս գալ":
"Լուիս Սուարեզը 4 դեղին քարտ ունի, բայց նրան խաղադաշտ դուրս բերելը շատ մեծ ռիսկ չէ: Եթե նա ստանա 5 - րդը, հաջորդ հանդիպմանն այլ ֆուտբոլիստ կխաղա: Մենք շատ լավ կազմ ունենք, հետևաբար դա ինձ ընդհանրապես չի անհանգստացնում: Ինձ այժմ հետաքրքրում է միայն Գրանադան":
"Վնասվածքները որպես արդարացում օգտագործելը մեզ հարիր չէ: Մենք հիանալի թիմ ունենք և կարող ենք հարմարվել ցանկացած իրավիճակի":
"Ինիեստային կփոխարինի նա, ով, իմ կարծիքով, ավելի շատ օգուտ կտա թիմին՝ կախված մրցակցից: Վաղը խաղադաշտ կարող է դուրս գալ այդ դիրքում իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը":
"Ալկասերին պակասում է միայն այն, որ գնդակը հատի դարպասային գիծը: Մնացած ամեն ինչ նա հոյակապ է անում: Ես խնդրում եմ նրան, որպեսզի նա կենտրոնան ու շարունակի անել այն, ինչ անում էր մինչև այսօր: Գոլերն անպայման կլինեն":
"Բացի այն, որ նրանք կարող են խաղալ 5 պաշտպաններով, պետք է նաև ուշադիր լինենք և հասկանանք, թե խաղադաշտի որ հատվածում են նրանք մտադիր առավելագույն պրեսինգ գործադրել: Ամեն դեպքում, եթե կա մի թիմ, որ սովոր է նման իրավիճակների, դա հենց Բարսան է: Բոլոր հետնապահների հետ հանդիպումները մեզ համար թակարդ են, ինչն ապացուցեց Ալավեսի դեմ խաղը":
"Համեմատե՞լ Ինիեստային այլ խաղացողների հետ.... Դենիսն ու Ռաֆան իրենց խաղաոճերով ինչ - որ նմանություն ունեն Անդրեսի հետ: Մեր կիսապաշտպանների հիմնական խնդիրներն են փոխանցումներ կատարելը, պաշտպանությունից արագ հարձակման անցնելն ու 2 - րդ տեմպով գրոհը շարունակելը: Բոլորն էլ դա կարողանում են":
"Պիկեն վնասել է ոտնաթաթը, Մաթյոն ու Ալբան մկանային վնասվածքներ ունեն, Ինիեստայի դեպքը նույնիսկ պետք չէ մեկնաբանել: Ասեք ինձ որևէ թիմ, որը չի ունենում վնասվածքներ: Մանավանդ նման խաղացանկի պայմաններում: Խաղերը շատ են, ուղևորությունները շատ են: Ֆուտբոլը կոնտակտային մարզաձև է: Կցանկանայինք, որ վնասվածքներ չլինեին, բայց դա հնարավոր չէ":
"Մենք գործող չեմպիոններն ենք և ունենք հստակ նպատակ՝ հաղթել բոլոր մրցաշարերում: Լա Լիգայում կհաղթի նա, ով ավելի շատ միավորներ կվաստակի, ով ավելի արժանի կլինի: Մենք պետք է կենտրոնանանք և ամեն ինչ հնարավորինս լավ անենք":
"Սիլեսենն իրեն շատ լավ է զգում":
"Գվարդիոլային քննադատողներին ասեմ, որ նա դեռ հաղթելու է: Ես վստահ եմ, որ այս մրցաշրջանում նա տիտղոսներ նվաճելու է: Եվ Պեպը հաղթելու է, ցուցադրելով լավ ֆուտբոլ: Կարծում եմ, որ մարզիչը պետք է ունենա խաղային փիլիսոփայություն ու միտք և մինչև վերջ հավատարիմ մնա դրանց: Հաղթանակի հասնելու մաթեմատիկական ալգորիթմ գոյություն չունի":