Վալենսիայի դեմ խաղից հետո Լուիս Էնրիկեն շատ գոհ է իր թիմից, բայց այնքան էլ գոհ չէ հանդիպման մրցավարներից: Ներկայացնում ենք նրա հետխաղյա ասուլիսի առավել հետաքրքիր հատվածները:
"Խաղը լի էր իրադարձություններով: Եղան թե՛ դրական, թե՛ բացասական պահեր, ինչպիսին Անդրեսի վնասվածքն էր մի դրվագում, որը շատ պարզ երևաց մեր պահեստայինների նստարանից: Բոլորը դա շատ պարզ տեսան, բայց նույնիսկ դեղին քարտ չեղավ":
"Շատ դրական եմ գնահատում խաղացողների մոտեցումը հանդիպմանը: Մենք կցանկանայինք հաղթել ավելի հեշտ, բայց երբեմն դա հնարավոր չէ: Մենք բնավորություն ցույց տվեցինք և պայքարեցինք մինչև վերջ: Թիմն ապացուցեց, որ ցանկանում է հաղթել և միավորներ վաստակել":
"11 մետրանոցի դեպքում ամեն ինչ շատ պարզ էր: Մեր լավագույն իրացնողը Լեո Մեսսին է: Նրա դիմաց Ալվեշն էր, ով դարպասում իսկական հսկա է թվում: Մտածում եմ, որ շեղ կհարվածեի, եթե լինեի Մեսսիի փոխարեն: Նա իր վրա վերցրեց այդ ծանր բեռը, իսկ հետո վայելում էր հաղթանակի քաղցրությունը":
"Այս խաղն ընթացավ մի քանի փուլերով: Սկզբում Լեոն մեզ առաջ մղեց և մենք վերահսկում էինք խաղն ու հանգիստ էինք գործում: 2 - րդ կեսն էլ լավ սկսեցինք, բայց մրցակցի անցկացրած խելահեղ 5 րոպեների ընթացքում, երբ մենք թուլացրեցինք զգոնությունը, 2 գոլ բաց թողեցինք: Կարծում եմ՝ պատճառը հաղթելու չափազանց մեծ ցանկությունն էր: Դա պետք է անել խաղը վերահսկելու միջոցով, շատ զգույշ գրոհելով՝ այնպես, որ գնդակի կորստի դեպքում հնարավոր լինի անմիջապես պրեսինգի դիմել.... Հետո մենք հաջողության հասանք անկյունայինի խաղարկման արդյունքում և կրկին սկսեցինք վերահսկել խաղը: Մենք կարող էինք և՛ հաղթել, և՛ պարտվել: Չափից շատ հնարավորություններ տվեցինք մրցակցին: Այս արդյունքն ապացուցում է, թե որքան դժվար է հաղթել այստեղ: Այս հաղթանակը շատ բան է ասում թիմի ոգու և բնավորության մասին":
"Չեմ պատրաստվում գնահատական տալ ինչ - որ երկրպագուի արարքին: Իհարկե, դա դուր չեկավ Վալենսիայի երկրպագուներից շատերին, ինչպես և ինձ դուր չեկավ: Թիմը գոլ խփեց 92 - րդ րոպեին, ինչը նորմալ է և տարբեր իրեր խաղադաշտ նետելու կարիք չկար":