Այսօր առավոտյան կայացած մարզման ավարտից հետո մամլո ասուլիսի է ներկայացել Լուիս Սուարեզը:
Նա խոսել է տարբեր հարցերի շուրջ, այդ թվում անդրադարձել է Գոմեշի տրանսֆերին: Ստորև ներկայացնում ենք ասուլիսի ընթացքում առավել հետաքրքիր հարցերն ու պատասխանները:
Մեսսիի հարկային խնդիրները. "Ես աջակցում եմ նրան որպես ընկերոջ և որպես թիմակցի: Նրան շատ հարցեր չեմ տալիս դրա վերաբերյալ: Նախընտրում եմ կողքից հետևել այդ ամենին":
Մեսսին և Ռոնալդոն. "Հնարավոր է՝ Ռոնալդոն ինչ - որ առավելություններ ունի, բայց ինձ համար ակնհայտ է, որ Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է մեծ տարբերությամբ: Նվաճած տիտղոսները նշանակություն չունեն":
Դանի Ալվեսի հեռանալը. "Որպես խաղացող նա մեծագույն կորուստ է, նա հիանալի էր խաղում և համագործակցում Մեսսիի հետ: Հանդերձարանում էլ միշտ աշխուժություն ու ուրախություն էր տարածում":
Մինչմրցաշրջանը. "Հիանալի է նոր խաղընկերների հետ մարզվելը: Պետք է ֆիզիկական վիճակս բերելավեմ, առջևում բարդ մրցաշրջան է, որում մեր նպատակը բոլոր տիտղոսները նվաճելն է":
Ֆավորիտ Ոսկե գնդակի համար պայքարում. "Ոչ, ես ֆավորիտ չեմ":
Կոպա Ամերիկան. "Հասկանում ենք, որ Կոպա Ամերիկայում մեր բարձրության վրա չէինք, բայց փոխարենն առաջատար դիրքերում ենք ընթանում Աշխարհի առաջնության ընտրական փուլում":
Կլաուդիո Բրավոն. "Մեր 3 դարպասապահներն էլ շատ լավն են: Որքանով ես գիտեմ, Կլաուդիոն իրեն այստեղ շատ լավ է զգում և ես կարծում եմ, որ նա կմնա":
Վնասվածքը. "Ես արդեն լավ եմ, ապաքինվել եմ վնասվածքից":
3 տարի Բարսայում՝ Էնրիկեի գլխավորությամբ. "Եթե չհաշվենք Տաբարեսին, Էնրիկեն այն մարզիչն է, ում գլխավորությամբ ամենաշատն եմ խաղացել: Դա լավ է ցանկացած խաղացողի համար, մենք վստահում ենք նրան և գիտենք, թե ինչ է նա ակնկալում մեզանից: Նա ստիպում է մեզ կատարելագործվել և մենք կարողանում ենք առաջընթաց գրանցել":
Պայմանագրի երկարաձգումը. "Ես դեռ պայմանագիր ունեմ ակումբի հետ: Ինձ ոչինչ չեն ասել, բայց դա ինձ չի անհանգստացնում, քանի որ ես գիտեմ, որ ակումբը կարողանում է գնահատել խաղացողների ջանքերը":
Անդրե Գոմեշի տրանսֆերը. "Նախորդ տարի նա լավագույններից էր Վալենսիայում: Անդրե Գոմեշը մեզ շատ կօգնի: Մենք շատ գոհ ենք, որ նա միանալու է մեզ":
Մասկերանոն. "Մենք շատ ուրախ ենք, որ նա մնում է, բոլորս էլ գիտենք, թե նա որքան կարևոր է թիմի համար":
Լուսիանո Վիետոն. "Նա հիանալի խաղացող է, նրա խաղը Վիլյառեալում ինձ շատ էր դուր գալիս: Ատլետիկոյում նա այնքան էլ շատ խաղաժամանակ չստացավ, բայց նրա որակները կասկած չեն հարուցում":
Անհատական ցուցանիշները. "Նախորդ մրցաշրջանի ցուցանիշները նույնիսկ ինձ զարմացրին: Բայց ես գտնվում եմ աշխարհի լավագույն ակումբում և այստեղ ամեն ինչ հնարավոր է":
Մեսսին և Արգենտինայի հավաքականը. "Ես չեմ պատկերացնում Արգենտինայի հավաքականն առանց Լեոյի: Որպես ընկեր և որպես երկրպագու ես կցանկանայի տեսնել, որ նա շարունակում է խաղալ հավաքականում: Նրա սերը դեպի Արգենտինան քննարկման ենթակա չէ, բայց պետք է հասկանալ նրա արձագանքը":
4 - րդ հարձակվողը. "Գո՞հ է Լուիս Էնրիկեն ինձանից: Նորմալ է, որ Բարսայի նման ակումբն ուժեղացնում է կազմը: Գոլ խփող, ամբիցիոզ հարձակվողի ձեռքբերումը ցանկալի է, քանի որ նա մեզ կօգնի հասնել մեր նպատակներին":
Եվ կրկին Մեսսիին. "Լեոն իրեն շատ լավ է զգում, նա վայելում է արձակուրդը, բայց ցանկանում է կրկին խաղալ: Կոպա Ամերիկայում տեղի ունեցածը ցավալի էր, բայց դա պետք է մոռանալ":
Գալիք մրցաշրջանը. "Շատ երջանիկ եմ այն ամենի համար, ինչին հասանք նախորդ մրցաշրջանում: Գոհ եմ նաև անհատական նվաճումներիցս, բայց կարևորը թիմն է: Այս տարի պայքարելու ենք բոլոր մրցանակների համար":