Ինչպես հաղորդում է Sport - ը, Լուսիանո Վիետոն մոտակա օրերին պայմանագիր է ստորագրելու Սևիլյայի հետ: Այդպիսով, նա նույնպես չի տեղափոխվի Բարսա:
Եթե մյուս դիրքերում տրանսֆերները բավական արագ և հեշտ եղան, ապա 4 - րդ հարձակվողի հարցն արդեն երկար ժամանակ է, ինչ անորոշ է, չնայած, որ Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հայտարարել էր. "Որոշում կայացնելիս չենք դանդաղի":
Սկզբում խոսվում էր Ուսման Դեմբելեի մասին, ով տեղափոխվեց Բորուսիա Դորտմունդ: Այնուհետև խոսք գնաց Բեն Արֆայից, ով պայմանագիր կնքեց ՊՍԺ - ի հետ: Կրկին սկսեցին խոսել Նոլիտոյից՝ տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի: Վերջերս ամենաշատը խոսվում էր Վիետոյի մասին, սակայն նա էլ արդեն համաձայնության է եկել Սևիլյայի հետ:
Այս պահին անհասկանալի է, թե ով է լինելու Բարսելոնայի 4 - րդ հարձակվողը գալիք մրցաշրջանում: Գամեյրոյին ձեռք բերելու տարբերակը կարծես թե այլևս չի քննարկվում, քանի որ Սևիլյան 29 - ամյա հարձակվողի համար պահանջում է 40 մլն եվրո, մինչդեռ Բարսան չի պատրաստվում այդքան գումար վճարել պահեստային և ֆուտբոլային չափանիշներով բավական մեծ խաղացողի դիմաց:
Խոսվում էր Գաբրիել Ժեզուսի հնարավոր տեղափոխության մասին, բայց նա արդեն հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ մնալու է Պալմեյրասում: Բացի այդ, Բարսայի տեխնիկական անձնակազմը գտնում է, որ նա դեռ պատրաստ չէ խաղալ եվրոպական թոփ մակարդակի ակումբում:
Հայտնի է, որ Ռոբերտը հետևել է Սանտոսի հարձակվող Բատիգոլի խաղին: Անգլիական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Ռիյադ Մահրեզը մերժել է Լեսթերի հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը, հույս ունենալով, որ իր երազանքի ակումբը՝ Բարսան, կփորձի ձեռք բերել իրեն: