Բարսելոնան պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Թուրքիայում ծավալվող իրադարձությունների և այնտեղ գտնվող ակումբի ներկայիս ու նախկին ֆուտբոլիստների հետ:
"Բարսելոնայի խաղացողներ Անդրես Ինիեստան և Լեո Մեսսին, ովքեր պետք է Թուրքիայում մասնակցեին ընկերական հանդիպման, որը կազմակերպել էր թիմի նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո'ոն, չեն ուղևորվել Թուրքիա և գտնվում են Իսպանիայում: Բարսելոնայի խաղացող Արդա Թուրանը, նախկին խաղացողներ Կարլես Պույոլը, Դեկուն և Էրիկ Աբիդալը, ինչպես նաև ակումբի նախկին ղեկավարներից Ալեխանդրո Էչեվարիան գտնվում են թուրքական տարածքում՝ հեռու վտանգավոր գոտուց և մշտական կապի մեջ ակումբի հետ", - ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջում են նախաձեռնել: Անկարայում, Ստամբուլում և այլ քաղաքներում հնչում են կրակոցներ, ռազմական տեխնիկա է դուրս բերվել փողոցներ: Երկրի օդային տարածքը փակ է, ինչի պատճառով Բարսելոնայի՝ վերոնշյալ խաղացողներին Թուրքիայից շտապ կերպով տարհանելու մտադրությունն առայժմ հնարավոր չէ իրագործել: Ակումբը մշտական կապի մեջ է Իսպանիայի Արտաքին գործերի նախարարության հետ: