Կամպ Նոու
Կամպ Նոու մարզադաշտը պաշտոնապես բացվել է 1957 թվականի սեպտեմբերի 24 - ին: Բացման խաղում Բարսան հաղթեց Վարշավային 4 - 2 հաշվով, իսկ առաջին գոլը հեղինակեց Էլոգիո Մարտինեզը:
Նախկին մարզադաշտը` Լես Կորտսը, չէր կարող տեղավորել բոլոր այն երկրպագուներին, ովքեր ցանկանում էին հետևել Բարսելոնայի, հատկապես Լադիսլաո Կուբալայի խաղին: Այդ պատճառով անհրաժեշտ էր նոր մարզադաշտ կառուցել:
Նոր մարզադաշտի նախագծողներն էին ճարտարապետներ Ֆրանսեսկ Միտժանս Միրոն և Խոսեպ Սոտերաս Մաուրին, նրանց օգնում էր Լորենսո Գարսիա Բարբոնը: Մարզադաշտը կառուցվեց 3 տարում և արժեցավ մոտ 288 մլն պեսո, ինչը նշանակում էր, որ Ակումբը մեծ պարտք է կուտակել:
Նախատեսվում էր, որ նոր մարզադաշտը պետք է անվանվի "Էստադի դել ՖԱ Բարսելոնա", սակայն բոլորին այն հայտնի դարձավ որպես "Կամպ Նոու": 2000-01 մրցաշրջանում այդ հարցը դրվեց քննարկման և Ակումբի անդամների 68.25% - ը կողմ քվեարկեց, որպեսզի մարզադաշտը պաշտոնապես անվանվի "Կամպ Նոու":
Մարզադաշտի ամենաբարձր կետը 48 մետր է, այն զբաղեցնում է 55 000 քմ տարածք (250 մետր երկարություն, 220 մետր լայնություն): ՈՒԵՖԱ - ի պահանջով, խաղադաշտի չափսերը փոքրացվել են և այն այժմ ունի 105 մետր երկարություն և 68 մետր լայնություն:
Կամպ Նոուն տեղավորում է 99 354 հանդիսական, ինչն ամենամեծ ցուցանիշն է ողջ Եվրոպայում: Սակայն 1957 թվականից մինչ այժմ այդ թիվը մի քանի անգամ փոփոխվել է: Սկզբում մարզադաշտը տեղավորում էր 93 053 հանդիսական, 1982 թվականին, երբ Իսպանիան հյուրընկալել էր Աշխարհի առաջնությունը, տարողունակությունը մեծացվեց մինչև 120 000 հանդիսական: 1990 - ականներին սահմանված կանոնների համաձայն, արգելվում էր մարզադաշտում կանգնած տեղերից հետևել խաղին, այդ պատճառով տարողունակությունը նվազեց, հասնելով 99 354:
1998-99 մրցաշրջանում ՈՒԵՖԱ - ն Կամպ Նոուին 5 աստղանի մարզադաշտի կարգավիճակ շնորհեց: Ամբողջ Իսպանիայում, բացի Նոու Կամպից, միայն 4 մարզադաշտ կարող է պարծենալ նման նվաճմամբ` Բարսելոնայում գտնվող Լյուիս Կոմպանիսի անվան Օլիմպիական մարզադաշտը, Կարտուխայի Օլիմպիական մարզադաշտը, Ատլետիկո Մադրիդի Վիսենտե Կալդերոնն ու Ռեալ Մադրիդի Սանտիագո Բեռնաբեուն:
2016 թվականի ապրիլի 21 - ին ներկայացվեց Կամպ Նոուի վերակառուցման նախագիծը, որը մշակել են Ճապոնական Nikken Sekkei և կատալոնական Pascual - Ausió ընկերությունները: Համաձայն այդ նախագծի, մարզադաշտի տարողունակությունը պետք է հասցվի 105 հազարի, տրիբունաների համար պետք է ծածկ կառուցվի, պետք է ներդրվեն արդի տեխնոլոգիաներ և այլն: Նոր Կամպ Նոուն պատրաստ կլինի 2020-21 մրցաշրջանում: